ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երևանի ավագանու ներկապնակը

Երևանի ավագանու ներկապնակը
06.05.2013 | 16:52

Անկախ այն բանից, թե այսուհետ ինչպես կորոշեն իրենց պահել ընտրություններից դժգոհ և Երևանի ավագանու ընտրություններում վեց տոկոսի շեմը չհաղթահարած ուժերը, կարող ենք արձանագրել՝ պարտություն կրեցին երկու գաղափարական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը: Իշխող Հանրապետական կուսակցության կողքին, որը, տարիներ շարունակ տիրապետելով վարչական բոլոր լծակներին, կարողանում է հասնել հաջողության, Երևանի ավագանիում ծանրակշիռ արդյունք է գրանցել նաև «Բարգավաճ Հայաստանը», որի առաքելությունը քաղաքական դաշտում առ այսօր անհայտ է հայ ընտրողին:
Երբ հետադարձ հայացք ենք նետում չորս տարի առաջ կայացած Երևանի ավագանու ընտրություններին և քաղաքական ուժերի մասնակցությանը, այսօրվա արդյունքները խիստ կանխատեսելի են դառնում: «Ժառանգությունը» չորս տարի առաջ չընդառաջեց ՀԱԿ-ի՝ միասնական ցուցակ կազմելու առաջարկին և Երևանի ավագանու ընտրությունների շեմին դուրս եկավ ընտրապայքարից: ՀԱԿ-ը վաստակեց տասներեք մանդատ, սակայն բոյկոտեց և չորս տարի շարունակ չմասնակցեց Երևանի ավագանու նիստերին: «Բարգավաճ Հայաստանը» Երևանի ավագանիում իրեն պահեց և դրսևորեց այնպես, ինչպես փաստացի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն:
«Բարգավաճ Հայաստանին» վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ «քաշքշեցին» թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ավելի ուշ՝ «Ժառանգությունը»՝ ակնկալելով նրա աջակցությունը: Օրեր առաջ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ ոք չի կարող սեպ խրել ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցության միջև: Այդ համագործակցությունը, իհարկե, առայժմ շոշափելի արդյունքներ է բերել միայն ԲՀԿ-ին, իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները կրկին պնդում են, որ ժողովուրդը նախապատվությունը տվել է 10-15 հազար դրամանոց ընտրակաշառքներին:
Իսկ ի՞նչ են առաջարկում իրենք` քաղաքական ուժերը, երբ մեկը հրաժարվում է իր ստացած մանդատներից, ավագանիում իր ձայնը բարձրացնելուց, իսկ չորս տարի անց հանրության աչքը խոթում Երևանի գործող քաղաքապետի ապօրինությունների ցանկը: Մյուսը ձկան լռություն է պահպանում չորս տարի շարունակ նույն ավագանիում, իսկ հետո խոսում իր և արմատական ընդդիմության սերտ համագործակցության մասին` մեղադրելով «սեպ» խրողներին: Երրորդն էլ օգտվում է ամիսներ առաջ կայացած ՀՀ նախագահի ընտրություններում իր առաջնորդի՝ պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցնելու շանսից և Երևանի ավագանիում, նույն պաշտոնական տվյալներով, վաստակում երրորդ տեղը:
Իսկ այս ամենից հետո դարձյալ մեղավորը ժողովուրդն է կամ այն հատվածը, որը չի դիմանում կաշառքի գայթակղությանը: Իսկ թե ինչ թիվ է կազմում այդ հատվածը՝ անգամ պաշտոնական տվյալներով դժվար է պարզել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ